Մոսկվայում հոկտեմբերի 2-ի գիշերն իր Toyota Land Cruiser մեքենայով հրաձգության ենթարկված 45-ամյա Սերգեյ Բեգլարյանը, քննության վարկածներից մեկի համաձայն, պատվերով սպանություններ էր կատարում:

Նշվում է, որ Սերգեյն ապրում էր միայնակ եւ հարեւանների հետ չէր շփվում, իսկ նրա բնակարանում մի ամբողջ զինանոց էին գտել:

Քննությանը մոտ կանգնած աղբյուրը Life News-ին հայտնել է, որ սպանողները կարծես ինչ-որ մեկին ինչ-որ բան էին նախազգուշացնում. հրաձգությունը շատ ցուցադրական էր:

Life News-ը ձեռք է բերել հրաձգության տեսագրությունը, որն արձանագրել են վերահսկող տեսախցիկները. Այն այժմ ուսումնասիրում են քննիչները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով, հայտնել են Քննչական կոմիտեից:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Մոսկվայի հյուսիսում սպանվել էր հայ գործարար Սերգեյ Բեգլարյանը: Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել էր, որ անհայտ անձինք Կալաշնիկով ինքնաձիգից հրաձգության են ենթարկել  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան. մեկ մարդ զոհվել էր: Ըստ աղբյուրի` դեպքը տեղի էր ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում: Ոստիկանները դեպքի վայրում երկու տասնյակից ավելի փամփուշտներ էին գտել: Բժիշկների ժամանման պահին տղամարդն արդեն մահացած էր եղել:

Վիրավոր Սերգեյ Բեգլարյանը փորձել էր փախչել ավազակներից, սակայն նրա ամենագնացը բախվել էր հայրենական արտադրության մարդատարի եւ չէր կարողացել առաջ գնալ:  Մարդասպանները եւս մի քանի րոպե մեքենան ողողել էին արճիճով, հետո հեռացել: Նախնական տեղեկությամբ` մարդասպանները երկու հոգի են եղել, ենթադրվում է` կովկասցիներ: