Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում հերթական տեսանյութն է տեղադրել, որում պատմում է սեպտեմբերի 15-ին Հրազդանի կիրճում հայկական «Մենք կարող ենք» բնապահպանական շարժման հետ համատեղ անցկացրած աղբահավաքման ակցիայի մասին։
Ակցիային մասնակցել էին դեսպանատան աշխատակիցներ, ԱՄՆ-ի կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներ, ինչպես նաեւ Նոր Խորբերդի հատուկ կարիքներով երեխաների գիշերօթիկ դպրոցի սաներ։
«Կարծում եմ, արդեն ժամանակն է, որ Հայաստանում ձեւավորվի աղբ չթափելու ու շրջապատը աղտոտելու դեմ պայքարելու մշակույթ։ Ժամանակն է, որ մարդիկ գիտակցեն, թե ինչքան գեղեցիկ է իրենց երկիրը, Երեւանը։ Հրազդանի կիրճը շատ գեղեցիկ է, այստեղ հիանալի պիկնիկներ կարելի է կազմակերպել։ Իսկ որ այստեղ այսքան աղբ կա, շատ ցավալի է։ Հուսով ենք, որ այսօր Երեւանում մենք բոլորս կարող ենք օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդին»,- նշել է դեսպանը։
Ակցիայի ընթացքում ավելի քան 100 պարկ աղբ էր հավաքվել։











