Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Աթենք այցի նախօրեին հաքերական Anonymous խմբավորումը հունական պետական կայքերի վրա կիբերհարձակումների շարք է իրականացրել:
Մի քանի կայքեր միաժամանակ դադարեցրել են աշխատանքը, այդ թվում` ոստիկանության պորտալը, արդարադատության եւ Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կայքերը: Գլխավոր էջերում հաքերները «Էջը չի գտնվել» գրառում են տեղադրել, հաղորդում են լրատվամիջոցները, գրում է «Ռոսբալտը»:
YouTube-ում տեղադրված տեսագրությունում Anonymous-ը քննադատել է Հունաստանի իշխանություններին, որոնք մտադրվել են Մերկելի այցի դեմ բողոքը զսպելու համար ծավալուն միջոցառումներ իրականացնել:
Հաքերները կառավարությանը համեմատել են 1960-70-ականներին երկիրը ղեկավարող ռազմական խունտայի հետ:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Աթենքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրեին, որը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 9-ին, խստացվել են անվտանգության միջոցառումները: Ուժեղացված հսկողության տակ է Գերմանիայի դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաեւ գերմաներենի ուսուցման կենտրոնները: Աթենքում անվտանգությունն ապահովում են 7000 ոստիկաններ: Մերկելի Հունաստան այցը առաջինը կլինի 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո:











