Կեմերովոյի սրճարաններից մեկում չեչենները զանգվածային կռիվ են կազմակերպել: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է հինգ տուժածների մասին, որոնցից երկուսին վիրավորել են տրավմատիկ ատրճանակով, իսկ LifeNews-ը, վկայակոչելով սրճարանի ադմինիստրատորին, հաղորդում է 12 վիրավորների մասին, պարզապես շատերը չեն ցանկանում դիմել ոստիկանություն:

«Ինտերֆաքսի» տվյալներով, կռվին նվազագույնը 15 մարդ է մասնակցել: Ինչպես լրագրողներին հայտնել են ՆԳՆ ԳՎ-ից,  կռիվը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, բայց լրատվամիջոցներն առայսօր չէին հայտնել: Այդ մասին իմացվել է միայն համացանցում հայտնվելուց հետո: Տեսագրության անոնսում ասվում է, որ դեպքերը տեղի են ունեցել «Շչեպկա» սրճարանում, իսկ հարձակվողներն իրենց չեչեն են անվանել:

Սրճարանի աշխատակիցը «Գազետի Կեմերովո» թերթին պատմել է, որ սկզբում երկու հաճախորդներ սկսել են ագրեսիվ վարք ցուցաբերել, հարվածել են մեկ այլ հաճախորդի: Նրա ընկերները օգնության են հասել եւ ծեծել են հարձակվողներին: Վերջիններս հեռացել եւ վերադարձել են ընկերների հետ, սկսել են ջարդուփշուր անել սրճարանը, ընդ որում` նրանց ծեծողների խումբն այդ ժամանակ սրճարանում չէր: Երկու տղամարդ վնասվածք են ստացել:

Life News-ն էլ, քննիչներին վկայակոչելով, հայտնում է, որ կռիվը երիտասարդ մատուցողուհու պատճառով է եղել:

«Չեչեն» մակագրությամբ մարզաշապիկներով երկու երիտասարդներ բացահայտ նեղացրել են աղջկան, երկու այլ երիտասարդներ, ենթադրվում է` հայ, պաշտպանել են մատուցողուհուն: Այստեղից էլ  սկսվել է ծեծկռտուքը:

«Շչեպկայի» ադմինիստրատոր Վասիլի Գալակը Life News-ի լրագրողներին ասել է, որ հարձակվողները բացականչում էին «Ալլահ աքբար», մարդիկ խուճաապի էին մատնվել: Նա նաեւ պատմել է, որ իրենք դիմել են ոստիկանություն, որտեղից խորհուրդ են տվել պահակախումբ վարձել: