Տասը կանանցից բաղկացած խումբը` 5-ը Հայաստանից  (Գյումրի), 5-ը` Թուրքիայից (Դիարբեքիր եւ Կարս), «Ձեռներեցություն սահմաններից դուրս» (Entrepreneurship Beyond Borders) ծրագրի շրջանակում եղել է Վաշինգթոնում:

Ծրագրի նախաձեռնողը HasNa ոչ առեւտրային կազմակերպությունն էր, որի նպատակն է օգել Հայաստանի եւ Թուրքիայի ձեռներեց կանանց միջեւ գործարար կապերի ձեւավորմանը:

Երկու շաբաթվա ընթացքում կանայք ձեռներեցությանը, շուկայագիտությանը, կառավարմանը եւ հակամարտությունների կարգավորմանը նվիրված սեմինարների են մասնակցել: Նրանք փորձի փոխանակում են կատարել, մշակվել են ապագա բիզնես-ծրագրեր:

Գայանե Ավագյանը` Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրենը,  կարծում է, որ Թուրքիայի հետ փակ սահմանները հայկական տնտեսության շահերից չեն բխում, Հայտնում է Ամերիկայի ձայնի «Ռուսական ծառայությունը»:

Սեմինարի վերջին օրը երկու խմբերը ներկայացրել են իրենց գործարարական գաղափարները, որոնց թվում էին` ագրոտուրիզմի զարգացումը (Թուրքիայում, Հայաստանում եւ Վրաստանում մեղրի արտադրամասերի ստեղծում), Դիարբեքիրում հյուրանոցի կառուցումը, որտեղ հայկական ապրանքներ կվաճառեն, եւ թուրքական ծրագրի ստեղծում, որը կոչված կլինի ընդլայնել Հայաստանի գործարար կանանց հնարավորությունները: Քեյթ Բելինգը`HasNa-ի աշխատակիցը, կարծում է, որ արդյունքները տեսանելի կլինեն կանանց` Հայաստան եւ Թուրքիա վերադառնալուց հետո: Եթե նրանք շարունակեն շփվել եւ իրագործեն գաղափարները, ուրեմն ծրագիրը հաջողվել է: