Google-ը ներկայացրել է Samsung Electronics-ի արտադրած  նոր Chromebook-ը (նեթբուք Chrome օպերացիոն համակարգով): Սարքը կարժենա ընդամենը 249 դոլար:

Նորույթը հագեցված է ժամանակակից «թեթեւ» միջուկով եւ նախատեսված է  այն օգտատերերի համար, ովքեր աշխատում են Windows կամ Mac կառավարմամբ նոթբուքերով: ԱՄՆ-ում նորույթի վաճառքը կմեկնարկի մոտակա շաբաթների ընթացքում, ավելի շուտ վաղ, քան Windows 8 օպերացիոն համակարգի վաճառքը:

Նորույթի շնորհանդեսին Google-ի ներկայացուցիչները նշել են, որ Chromebook-ը  ավելի էժան եւ հարմարավետ է, քան նույն համակարգի առաջին սերնդի սարքավորումները: New Samsung Chromebook XE303C12 անունը ստացած  մոդելը  միայն Wi-Fi-ով է աշխատում, ունի 1,2 կգ քաշ եւ պատյանի 2 սմ հաստություն, հաղորդում է INFOX.ru-ն:

Google-ը վստահեցնում է, որ մարտկոցի լիցքավորումը բավականեցնում է 6,5 ժամ աշխատանքի համար: Մոդելը ունի 16 ԳԲ ներքին հիշողություն, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ անվճար 100ԳԲ` Google-ի ամպիկում: Գաջեթի դրական կողմերից է  օդափոխիչների ամբողջական բացակայությունը եւ USB 3.0 եւ HDMI աջակցությունը: