Հունական ուլտրաաջերի ղեկավարը հրապարակային ելույթի ժամանակ նացիստական  ժեստ է կատարել: «Ոսկե լուսաբաց» կուսակցության ղեկավար Նիկոս Միխալոլյակոսը երիտասարդ կուսակիցների առաջ ելույթ ունենալիս խոսել է կոռուպցիայից եւ բացատրելով, որ ինքը մաքուր է, նացիստական ողջույնի ժեստ է կատարել, հայտնում է  «vesti.ru»-ն:

«Այս ձեռքերը երբեմն կարող են այսպես ողջունել», - ասել է Միխալոլյակոսը` բարձրացնելով աջ ձեռքը նացիստական Գեմանիայում ընդունված ողջույնի ձեւով: Նրա ելույթի տեսագրությունը  տարածել է Հունաստանի պետական հեռուստատեսությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ հռետորական  ոճը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել, Հունաստանի գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն դատապարտել են գործընկերոջը:  Չնայած սադրիչ ակցիաներին` «Ոսկե լուսաբաց» կուսակցության ժողովրդականությունը Հունաստանում վերջին ամիսներին աճում է: Հունիսին ընտրությունների արդյունքում ուլտրաաջերը երկրի խորհրդարանում 18 տեղ էին ստացել: