Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Քալիֆորնիայի մերձակա ափերում:

Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասին:  Երբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, ապա զարմացել` այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է  երիտասարդ սպիտակ կետը` Նոք մականունով, գրում է «utro.ru»-ն:

Սեմ Ռիջուեի ղեկավարության ներքո գտնվող օվկիանոսագետները Delphinapterus leucas տեսակի սպիտակ կետի արտաբերած ձայներն են ձայնագրել  եւ դրանք վերլուծել են համակարգչային ծրագրերով` այն համեմատելով մարդկային խոսքի հետ:  Սեմ Ռիջուեյը  կարծում է, որ սպիտակ կետը նման ձայներ հանելու համար օգտագործում է իր քիթը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հետազոտողները պնդում են, որ այժմ տեսությունն այն մասին, որ սպիտակ կետերն ունակ են  սովորել եւ արտաբերել որոշակի ձայնային ազդանշաններ, կարելի է ապացուցված համարել: