ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընդունել է աշխարհի ամենահայտնի կորեացուն` ռեփեր PSY-ին (Սայ) եւ նրա հետ պարել Gangnam style պարը, որի շնորհիվ ռեփերը լայն ճանաչում է ձեռք բերել: Գլխավոր քարտուղարն ու լրագրողներից եւ տեսախցիկներից մի փոքր ամաչող PSY-ը առջեւում խաչաձեւել են պարզած բռունցքները եւ մի քանի անգամ թափահարել` ծիծաղից խեղդվելով:
Այդ պարը հայտնի է դարձել տեսահոլովակի շնորհիվ, որը Youtube-ում ավելի քան 560 միլիոն դիտում ունի, ինչը 10 անգամ գերազանցում է Հարավային Կորեայի բնակչության թվին:
Եթե Պան Գի Մունը համաշխարհային ճանաչում ունեցող կորեացի դառնալու համար ստիպված է եղել դիվանագետի կարիերայի երկար ճանապարհ անցնել` ընդհուպ այդ երկրի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար, ապա կորեացի 36-ամյա երգիչ Պակ Չե Սանը ընդամենը ցանցում տեղադրել է համաճարակի ազդեցություն ունեցած տեսահոլովակը, գրում է NEWSru.com-ը:
«Տեսահոլովակը այնքան էներգիայով լի է, որ դրա օգնությամբ կարելի է հաղթահարել էներգետիկական ճգնաժամը», -կատակել է Պան Գի Մունը` ասելով, որ «անկայուն եւ անարդար մեր աշխարհում երաժշտությունը կարող է շատ կարեւոր դեր ունենալ»:
Հարավային Կորեայում Պակ Չե Սանի դեբյուտը կայացել էր 2011թ.: Այժմ նա անգլերենով իր մասին դասախոսություններ է կարդում, հայտնվում է ամերիկյան եւ բրիտանական հանրահայտ հեռուստաշոուներում, շրջագայության է պատրաստվում դեպի Ավստրալիա, Ֆրանսիա եւ Գերմանիա: Gangnam style տեսահոլովակը երգչի ինքնատիպ ծաղրն է սեուլյան նորաձեւ Քաննամ թաղամասի ներկայացուցիչների նկատմամբ, որտեղ 90-ականների սկզբից հավաքվում է հարավկորեական «ոսկե երիտասարդությունը»:











