Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բացվել է աշխարհի ամենանեղ շինությունը: Այն տեղավորվել է երկու բազմաբնակարան տների արանքում եղած կես մետրանոց ճեղքի մեջ: Այս ինքնատիպ արտ-ինստալացիան կառուցել է ճարտարապետ Յակուբ Շենսնին:
Ամենանեղ կառույցը ունի 72 սմ լայնություն, իսկ ամենալայն հատվածում` 122 սմ, սակայն չնայած չափերին, տունն ունի անհարժեշտ ամեն ինչ: Ունի կոյուղի եւ ջրմուղ, կա ջեռուցման համակարգ եւ էլեկտրականություն: Երկհարկանի պողպատյա շինությունը կանգնեցվել է մետաղական հենարանների վրա: Կմախքը մետաղից է կառուցված, կիսաթափանցիկ տանիքը` պոլիկարբոնատից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նման տան մեջ դժվար կլինի տեղաշարժվել: Մետաղական խողովակները տունը պահում են գետնի վրայից 10 մետր բարձրության վրա եւ նման տուն բարձրանալու համար պետք է մտնել հորատանցքից: Փակ տարածությունից վախեցողներին կօգնի լույսի մեծ քանակությունը: Այսպիսով ճարտարապետ Յակուբ Շենսնին որոշել է ապացուցել, որ բնակվելու համար պիտանի է ցանկացած տարածություն:
Այժմ բնակարանը բաց է որպես թանգարան, ներս կարող են մտնել բոլոր ցանկացողները: Սակայն շուտով այնտեղ բնակիչներ կհաստատվեն: Անսովոր տան առաջին բնակիչը կդառնա իսրայելցի գրող Էդգար Կերետը, ով ծնվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին` Վարշավայի հրեական գետտոյում, որը գտնվել է անսովոր տան մոտակայքում:
«Դա կլինի գեղարվեստական ինստալացիա, որտեղ հնարավոր կլինի բնակվել: Այստեղ կարող են որոշ ժամանակով կանգ առնել աշխահի բոլոր գրողները, լրագրողները, այլ կերպ ասած, ստեղծագործող, կամ տպագրող եղբայրությունը»,-իր յուրօրինակ ստեղծագործության մասին ասել է ճարտարապետը:











