«Սենդի» փոթորիկը Կուբայում եւ Հաիթիում արդեն 21 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ Հաիթիի ՆԳՆ-ն տեղեկացրել էր 9 զոհերի եւ 3 անհետ կորածների մասին: Եւս մեկ մարդ զոհվել է Յամայկայում: 

Կուբայի փրկարարական ծառայությունները հայտնել են 11 զոհերի մասին: Ազատության կղզուց իշխանությունները տարհանել են  330 հազար բնակչի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սենդի» արեւադարձային փոթորիկը սկսել է Կարիբյան ավազանի արեւմտյան հատվածում, այն ուժգնացել է Յամայկայով անցնելուց հետո:  Այն հոկտեմբերի 24-ին որակավորվել է որպես առաջին կարգի վտանգավորության փոթորիկ` ըստ Սաֆիր Սիմփսոնի սանդղակի, իսկ հետո  դասվել է նաեւ  երկրորդ կարգում: Կուբայով անցնելուց հետո փոթորիկն ուղեւորվել է Բահամյան կղզիներ եւ ԱՄՆ-ի արեւելյան ափամերձ տարածքներ: 

Ըստ Կուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների` ավերվել եւ վնասվել են բնակելի տներ, խափանվել է էներգամատակարարումը, ոչնչացվել են գյուղատնտեսական ապրանքներ եւ արմատախիլ են եղել շատ ծառեր: