Մոսկվայի կենտրոնում փորձել են ոչխար մորթել, թեեւ քաղաքային իշխանությունների որոշմամբ դա արգելված է: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի քանի տղամարդ Նիժնեգորոդյան փողոցում փորձում են ոչխար մորդել:
Տեսանյութը նկարահանել են մի խումբ աղջիկներ՝ իրենց գրասենյակի պատուհանից: Տեսանյութին կից մեկնաբանություններից հետեւում է, որ տղամարդիկ փորձել են ոչխար մորթել հենց փողոցում, գրասենյակային շինության դիմաց, սակայն իրենց մտադրությունն ավարտին հասցնել չեն կարողացել: Գրասենյակի անվտանգության աշխատակիցն օգնության է հասել ոչխարին, հաղորդում է «Նականունե.ռու»-ն:
«Ոչխարը փրկված է, բայց երեւի մինչեւ երեկո»,-ասված է տեսանյութի մեկնաբանությունում:
Մոսկվայում կենդանիների զոհաբերությունն արգելված է արդեն մի քանի տարի: Ավանդական «մատաղը» կարելի է կատարել միայն Մոսկվայի մարզի սպանդանոցներում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահմեդականները նշում են իրենց գլխավոր կրոնական տոներից մեկը՝ Իդ ալ-Ադհը (արաբերեն) կամ Կուրբան Բայրամը (թուրքերեն): Կենդանիների զոհաբերությունն այդ տոնի պարտադիր մասն է, երբ Ալլահին ընտանի կենդանիներ (կով, այծ, ոչխար կամ ուղտ) են զոհաբերվում:











