Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի: Ավելի վաղ մի շարք կղզի-պետությունների իշխանությունները հայտնել էին 21 զոհի մասին:
Հայիթիի ՆԳ նախարարության նոր տվյալների համաձայն, այդ երկրում փոթորկից զոհվել է 16 մարդ: Կուբայի իշխանությունները հայտնել են 11 զոհի մասին, եւ մեկ մարդ մահացել է Ճամայկայում: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ցիկլոնը հասել է Բահամյան կղզիներին, որտեղ նախնական տեղեկություններով, զոհվել է մեկ ծեր տղամարդ, հաղորդում է AP-ը:
«Սենդին» շարժվում է դեպի հյուսիս-արեւելք՝ 17 կմ/ժամ արագությամբ, քամու արագությունը երբեմն հասնում է 130 կմ/ժամի: Բահամյան իշխանությունների տեղեկություններով, փոթորիկը տապալել է բազմաթիվ ծառեր, շարքից հանել էլեկտրահաղորդման գծեր, բազմաթիվ շենքեր վնասվել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Արեւադարձային փոթորիկը, որն առաջացել է Կարիբյան ավազանի արեւմտյան մասում, սկսել է ուժ հավաքել Ճամայկան անցնելուց հետո: Կուբայից հետո «Սենդին» հասել է Հայիթիին եւ ուղղվել դեպի Բահամյան կղզիներ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ այն կհասնի ԱՄՆ ափերին:











