Գիտնականներն ապացուցել են, որ Զատիկի կզղու հսկայական արձանները կարողացել են քայլել: Ամերիկացի մարդաբանների կողմից անցկացված փորձը հաստատել է հիպոթեզը, որի համաձայն, մաոյի հսկայական արձաններն անձամբ են հասել իրենց տեղադրման վայրերը:

Փորձի ժամանակ գիտնականները պարաններով կապել են ավելի քան 4 տոննա քաշ ունեցող արձանները: Հսկայական արձանները հնարավոր է եղել տատանել պարանները քաշող երեք ջոկատների ներդաշնակ գործողությունների օգնությամբ: Ջոկատներից մեկը գործել է հետեւից, որպեսզի արձանը չընկնի, իսկ մյուս երկուսը՝ կողքերից: Արդյունքում  արձանն իսկապես «քայլել» է ճանապարհով, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Տեսածի հիման վրա գիտնականները հետեւություն են արել, որ հենց նման միջոցով են տեղի բնակիչները տեղաշարժել արձանները: Այդ մասին է վկայում արձանի անսովոր ձեւը, որի զանգվածի կենտրոնը գտնվում է ներքեւում եւ մի փոքր առաջ է տեղաշարժված:

Թեեւ գիտնականների փորձը հաջող է անցել, սակայն նրանց ընդդիմախոսները շարունակում են պնդել, որ արձանները տեղափոխվել են գերանների օգնությամբ: