ՀՀԿ-ի արտահերթ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Այս մասին այսօր`հոկտեմբերի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հաստատվել է նաեւ համագումարի օրակարգը եւ օրակարգում լինելու է Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը:
Արձագանքելով մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացել, նա ասաց, որ այդ խոսակցություններն իրականությունից հեռու են եւ որեւէ աղերս չունեն իրականության հետ:
Ինչ վերաբերում է երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպումներին, Շարմազանովն ընդգծեց, որ նրանք կարող են հանդիպել եւ հանդիպում են, բայց պետք չէ այդ հանդիպումներից զարմանալ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, Օլիմպական կոմիտեի ղեկավարը, հետեւաբար բնական է, որ կլինեն հանդիպումներ: «Հանդիպումներից պետք չէ զարմանալ, հատկապես, երբ հանդիպում են ՀՀԿ-ի հետ, որովհետեւ ՀՀԿ-ն Հայաստանի ժողովրդավարական արժեքների առաջամարտիկն է եւ ժողովրդավարության մեջ մտնում է երկխոսելը, հանդուրժողական, կոռեկտության սահմաններում հարցեր քննարկելը:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականները ծանր են տանում, երբ պարբերաբար հիշեցվում է կոալիցիոն հուշագրի մասին, ըստ որի ԲՀԿ-ն պարտավորվել է նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Կոնկրետ ես եմ դրա մասին ասել եւ ոչ մեկ անգամ: Այո, բացի 2012թ-ի պաշտոնական հայտարարությունից եւ ստորագրություններից, որ ԲՀԿ-ն 2013թ-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլ հայտարարություն ԲՀԿ առաջնորդը ոչ արել է, ոչ էլ ստորագրել է: Հիմա ցավալի տանեն, ցավալի չտանեն ես արձանագրում եմ փաստը»:
Ի դեպ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել եւ չի քննարկվելու:











