Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի: Տասնյակ հազարավոր տներ են փլվել Կուբայում, Հայիթիում, Դոմինիկյան հանրապետությունում, Ճամայկայում եւ Բահամյան կղզիներում:

ԱՄՆ արեւելյան ափերին մոտեցող «Սենդին» այսօր սկսել է թուլանալ եւ քամու արագությունը չի գերազանցել 113 կմ/ժամը: Մայամիում փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնը հայտարարել է փոթորկի ուժգնությունը մինչեւ արեւադարձային ուժեղ քամու մակարդակի նվազելու մասին:

Սակայն որոշ ժամանակ անց, «Սենդին» սկսել է կրկին ուժգնանալ եւ փոթորկի վերածվել. քամու արագությունը հասել է 120 կմ/ժամի:

Հաջորդ շաբաթվա սկզբին, ըստ օդերեւութաբանների կանխատեսման, ԱՄՆ ափերին «Սենդին» պետք է հանդիպի հանդիպակած սառը հոսանքների եւ վերածվի արդեն գերփոթորկի:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, արտակարգ դրություն է հայտարարվել ամերիկյան Նյու Յորք, Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում: Նյու ջերսի նահանգում իշխանությունները դիմել են բնակչությանը՝ խնդրելով առաջին անհրաժեշտության ապրանքների պաշար հավաքել եւ պատրաստ լինել մի քանի օր ապրել առանց էլեկտրականության:

Ատլանտիկ Սիթիի որոշ խաղատներ հայտարարել են, որ մտադիր են փակել հաստատությունը փոթորկի ժամանակ, իսկ ավիաընկերությունները պատրաստվում են չվերթների հետաձգման:

Արեւադարձային փոթորիկը, որն առաջացել է Կարիբյան ավազանի արեւմտյան մասում, սկսել է ուժ հավաքել Ճամայկան անցնելուց հետո: Կուբայից հետո «Սենդին» հասել է Հայիթիին եւ ուղղվել դեպի Բահամյան կղզիներ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ այն կհասնի ԱՄՆ ափերին: