Մահմեդական կանանց մասին ռուսերենով ֆիլմի հատվածներից մեկը վրդովեցրել է արեւմտյան  լրատվամիջոցներին. 42 րոպեանոց  տեսանյութում  արմատական իսլամիստները քարոզում են միանալ սուրբ պատերազմին: Մի քանի կադրերում փարաջայով կանայք կրակում են նռնականետերից, ականանետերից եւ դիպուկահար զենքից:

Ինտերնետում տեղադրված ձայնագրության վրա նշված է Islam Awazi նշանը, ինչը թարգմանվում է որպես «Ամենակարող Ալլահ»: Ֆիլմի սկզբում հերոսներից մեկը  բացատրում է, որ Islam Awazi-ը «ստեղծագործական ստուդիա» է, որը ներկայացնում է «Թուրքեստանյան ջամաթը»:

Բրիտանական մամուլը, մասնավորապես The Daily Mail թերթը, ուշադրություն է դարձրել տեսագրության 46-րդ վայրկյանի վրա, որտեղ  փարաջայով 5 կանայք զենք են հավաքում եւ  քանդում, իսկ հետո կրակում են ականանետից եւ  նռնականետից, հավանաբար,  մարզումներ են կատարում: Ահաբեկչության խնդիրներով փորձագետները ենթադրել են, որ փարաջայով կանայք, ովքեր տիրապետում են հրազենային զենքին, Չեչնիայի քաղաքացիներ են, եւ նրանց նախապատրաստում են Եվրոպայի վրա հարձակում իրականացնելու համար (հնարավոր է նաեւ Ռուսաստանի), գրում է NEWsru.com-ը:

Այս տեսագրությունը  «Քույրեր` Ալլահի ճանապարհին» ֆիմից հատված է, որտեղ մարզումների տեսարաններից բացի կա նաեւ աղջիկներից մեկի 20 րոպեանոց ելույթը,  ով պատմում է, որ մահմեդական կանայք գնացել են իրենց ամուսինների մոտ, ովքեր սուրբ պատերազմ են մղում: Ֆիլմի ամբողջական տարբերակը հասանելի է YouTube-ում:

Փորձագետները նշել են, որ վերջին ժամանակներս գրոհայինները  ջիհադի բազմաթիվ կոչեր են անում կանանց եւ դեռահասներին: «Քույրեր` Ալլահի ճանապարհին» քարոզչական  ֆիլմում դա բացատրվում է նրանով, որ  ամեն ճշմարիտ մահմեդական պետք է պատերազմի անհավատների դեմ: Փորձագետները կարծում են, որ  կանայք եւ դեռահասները աչքի չեն ընկնում, ինչպես տղամարդիկ եւ նրանց դժվար է ահաբեկության մեջ կասկածել: