Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները իր հեղինակային ծրագրում ոչ երկիմաստ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդդիմադիր գործիչ Ռազվոզժաեւի խոստովանական ցուցմունքների վերաբերյալ, որոնց մասին հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Այդ հաղորդման հեռարձակումից հետո ռուս բլոգերները գուշակում են, թե որքան երկար Պոզսները կմնա «Առաջին ալիքի» եթերում:
«Պարոն Մարկինն ասել է, որ հավատում է միայն փաստերին եւ որ Ռազվոզժաեւն իր սեփական ձեռքով 10 էջ խոստովանական ցուցմունք է գրել: Հայտնի է, թե ինչպես են ստացվել այդ խոստովանությունները»,-հայտարարել է Պոզներն իր կիրակնօրյա ծրագրում, որից հետո հարց է հնչեցրել. «Եթե այդպիսի մեթոդներ կիրառեին Մարկինի նկատմամբ, նա չէ՞ր գրի 10 էջանոց խոստովանական ցուցմունք»:
Հենց ձերբակալվածների խոշտանգումների ճանապարհով ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքների վրա էին հիմնվում, օրինակ, 30-ական թվականների դատական համակարգի դատավճիռները, գրում է NEWSru.com-ը:
Ակնարկը, որ Մարկինն էլ կարող էր նման խոստովանական ցուցմունքներ գրել, նույնպես հասկանալի է. Ստալինյան ռեպրեսիաների տարիներին երեկվա քննիչները շատ արագ էին հայտնվում հետապնդվողների տեղում եւ իրենք էին սկսում խոշտանգումների ներքո խոստովանել այն ամենը, ինչ պահանջում էին խոստովանել:
Հիշեցնենք, որ Լեոնիդ Ռազվոզժաեւը կալանավորվել է Ռուսաստանում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով: Սկզբում ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ռազվոզժաեւը ներկայացել է քննչական մարմիններին եւ խոստովանել, որ զանգվածային անկարգություններ է նախապատրաստել, կապեր է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեի հետ եւ Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ին անկարգություններ է կազմակերպել:
Ճիշտ է, նա հայտարարել է, որ այդ ցուցմունքները գրել է այլոց թելադրությամբ՝ Բրյանսկում ինչ-որ տեղ երկօրյա խոշտանգումներից հետո, որից հետո պահանջել է քրեական գործ հարուցել Ուկրաինայում իրեն առեւանգելու փաստի առթիվ: Միաժամանակ, ՌԴ Քննչական կոմիտեում արդեն հայտարարել են, որ Ռազվոզժաեւի կողմից ցուցմունքներից հրաժարումն իրավիճակը չի փոխի: Քննությունը բավարար ապացույցներ ունի երկրում անկարգություններ կազմակերպելու գործով:











