Հզոր «Սենդի» փոթորիկը Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերին խորտակել է «Բաունտի» պատմական առագաստանավի կրկնօրինակը, որը նկարահանվել է հոլիվուդյան երկու ֆիլմերում:
Փոթորկի մոտենալուց մի քանի ժամ առաջ անձնակազմը ստիպված է եղել նավը լքել փչովի նավակներով: Նավի վրա եղել է անձնակազմի 16 անդամները: Նրանցից 14-ը ուղղաթիռով տեղափոխվել են Էլիզաբեթ-Սիթիի օդանավակայան: Երկուսը, այդ թվում նավապետը, անհայտ կորած էին հայտարարվել:
Աղետի մասին հայտնել է նավի տերը` կորցնելով կապը անձնակազմի հետ: Առագաստանավը, որը վատ է հարմարեցված եղել եղանակային պայմաններին, սկսել է ջրով լցվել: Նավի վրա խափանվել է էլեկտրացանցը, ինչի հետեւանքով անհնար է եղել ջուրը դուրս մղել նավամբարից եւ նրանք որոշել են լքել նավը:
Հետագայում անհետ կորածներից մեկին` 42-ամյա կնոջը ուշագնաց վիճակում հայտնաբերել են ծովում, ում ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել: Շարունակվում է նաեւ անհետ կորած նավապետի որոնումները, հաղորդում է «ֆոնտանկա.ru»-ն:
«Բաունտի» առագաստանավը նույնանուն նավի կրկնօրինակն է, որը 1790 թ-ին այրվել է անձնակազմի խռովության ժամանակ: Առագաստանավի կրկնօրինակը օգտագործվել է 1962 թ-ին նկարահանված «Խռովություն Բաունտիի վրա» ֆիլմում: Հետագայում նավը նաեւ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռածի սնդուկ» ֆիլմում: Բացի այդ «Բաունտին» հաճախ օգտագործվել է որպես ուսուցողական նավ:











