Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան շրջաններ հասած «Սենդի» փոթորիկին արդեն զոհ է դարձել 13 մարդ: Զոհերի թվում կան Նյու Յորք եւ Նյու Ջերսի քաղաքների եւ Մերիլենդ, Փենսիլվանիա եւ Կոնեկտիկուտ նահանգների բնակիչներ, ինչպես նաեւ կանադական Տորոնտո քաղաքի մեկ բնակչուհի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ին:
Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, ներկայումս տարերային աղետի արդյունքում 5,2 մլն. մարդ զրկվել է էկեկտրականությունից, այդ թվում Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալտիմուրի եւ Վաշինգթոնի բնակիչները: Բազմաթիվ ափամերձ քաղաքներ մասնակի հեղեղման են ենթարկվել, ինչ դժվարեցնում է արտակարգ ծառայությունների աշխատանքը: Նյու Յորքում մասնակիորեն հեղեղվել է մետրոն:
Հիշեցնենք, որ Մանհեթենում ուժեղ քամիները ջարդել են կառուցվող եկնաքերի վերամբարձ կռունկի աղեղը, իսկ Նյու Յորքի փողոցներից մեկում քանդվել է վեցհարկանի շենքի ճակատամասը: Եւս մեկ շինություն քանդվել է Բրուկլինում: Զոհեր չկան:
«Սենդիի» կենտրոնը հասել է Նյու Ջերսի նահանգի ափերին, եւ ներկայումս շարժվում է դեպի մայրցամաքի խորքերը: Մոտ ժամանակներս «Սենդին» կարող է հանդիպել սառը ճակատին, որը ձեւավորվել է Կանադայի տարածքում եւ այդ ժամանակ այն կվերածվի «Ֆրանկենփոթորկի»: Այդ դեպքում քամու ուժգնությունը կգերազանցի 200 կմ/ժամը: Այժմ այն կազմում է 130կմ/ժամ:















