Տուժելով «Սենդի» փոթորկից եւ նրա հետեւանքով առաջացած հեղեղներից` Նյու Յորքը պայքարում է նոր փորձանքի դեմ. Մեծ խնձորի շրջաններից մեկում` Քվինսում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Reuters-ը, կրակը ոչնչացրել է 50 տուն: Ավելի քան 170 հրդեհաշեջներ փորձում են չեզոքացնել հրդեհը, սակայն ջրհեղեղը եւ փոթրիկի այլ հետեւանքներ դժվարացնում են նրանց աշխատանքը: Նախնական տվյալներով, արտակարգ դեպքի հետեւանքով երկու մարդ է տուժել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով ԱՄՆ-ում 7,1 մլն. մարդ առանց էլեկտրականության է մնացել: Հետաձգվել են 14 հազար ավիաչվերթներ: Վթարային պատրաստվածության հատուկ ռեժիմով է աշխատում ԱՄՆ-ի ամենահին` Նյու Ջերսիի ատոմակայանը:
Նյու Յորքում ողջ Ներքին Մանհեթենը մթության մեջ է հայտնվել, ամբողջովին հեղեղվել է Կոնի-Այլենդ թերակղզին: Քաղաքում ջրի տակ են անցել մետրոպոլիտենի 26 գծերից 7-ը: Բացի այդ, ջուրը հեղեղել է ավտոբուսային 6 կայանտեղ : Հեղեղվել են նաեւ Նյու Յորքի փողոցները, որոնց վրայով լողում է աղբը:











