Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ոչ միայն բարձրտեխնոլոգիական եւ գերնորաձեւ սարքեր է մշակել, այլեւ`զբոսանավ: Նրա եւ դիզայներ Ֆիլիպ Սթարքի նախագծած 80 մ երկարությամբ նավը ջուրն է իջեցվել Նիդեռլանդներում: Մինիմալիստական ոճով կառուցված զբոսանավը կնվիրեն Ջոբսի ընտանիքին` կնոջը եւ զավակներին:
Ջոբսի զբոսանավի կորպուսը պատրաստված է ալյումինից, պատուհանների համար օգտագործվել են այն ապակիները, որոնք Apple-ն ստեղծել էր սեփական արտադրանքների համար: Զբոսանավի կառավարման վահանակը պատրաստված է 27 դյույմանոց 7 Mac համակարգիչներով:
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են զբոսանավի ստեղծման աշխատանքներին, ներկա են եղել այն ջուրն իջեցնելու արարողությանը, գրում է «Pravda.ru»-ն: Այդ միջոցառմանը ներկա Ջոբսի ընտանիքն անձնակազմի բոլոր անդամներին նվիրել է նոր iPod Shuffle:











