ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աղետի գոտի է հայտարարել Նյու Յորքի նահանգը, որը տուժել է «Սենդի» փոթորկի հարվածից: Ոչ պաշտոնական տվյալներով նման կարգավիճակ է տրվել նաեւ Նյու Ջերսիին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այն տարածքները, որոնք աղետի գոտի են ճանաչվել, ֆինանսական օգնություն կստանան դաշնային բյուջեից, որոնք կուղղվեն աղետից տուժած ամերիկացիների աջակցությանը:
Նախօրեին` հոկտեմբերի 29-ին, Օբաման «Սենդիի» ստեղծած իրավիճակի շուրջ իր ելույթում խնդրել է այն նահանգների բնակիչներին, որտեղով պետք է անցներ փոթորիկը, լրջորեն վերաբերել վտանգին եւ եթե անհրաժեշտ լինի, ենթարկվել տարահանման հրամանին:
Պետության ղեկավարը հայտնել է, որ սպասվող հարվածն իրեն առավել շատ է հուզում, քան սպասվելիք նախագահական ընտրությունները: Ավելի վաղ քաղաքական գործիչը դադարեցրել էր իր քարոզարշավը եւ Վաշինգտոն վերադարձել: Քարոզչական միջոցառումներից հրաժարվել է նաեւ նրա գլխավոր մրցակիցը` Միթ Ռոմնին, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի արեւելյան ափերը գրոհած «Սենդի» հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի: Նախկինում հաղորդվել էր 13 զոհի մասին: Ինչպես հայտնում է Chicago Tribune, Նյու Յորք նահանգում աղետի հետեւանքով զոհվել է 5 մարդ, զոհեր կան նաեւ Նյու Ջերսի քաղաքում, Մերիլենդ, Փենսիլվանիա եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում:Մարդկանց մահվան հիմնական պատճառ են դարձել ծառերի, ճանապարհային նշանների եւ գովազդային ցուցանակների տապալումները:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի արեւելյան ափերին հասած փոթորիկը, հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը թուլացել է մինչեւ մրրիկի աստիճան: Սակայն աղետի աստիճանի ֆորմալ փոփոխությունները չեն խոսում վտանգի իջեցման մասին. քամու ուժգնությունը չի թուլացել եւ հասնում է ժամում 135 կմ-ի:











