Նյու Յորքի Քուինսի շրջանում «Սերդի» փոթորկի հետեւանքով առաջացած ուժեղ հրդեհը 80-100 տուն է ոչնչացրել: Ավելի վաղ նշվում էր 50 այրված տների մասին:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, 190 հրշեջներ փորձում են հրդեհը մարել արդեն 9 ժամ շարունակ: Հեռուստաալիքները ուղիղ եթերում ցուցադրում են աղետի վայրերում տեղի ունեցող իրադարձությունները:

Փոթորիկը Նյու Յորքի ափ է նետել 50-մետրանոց մի տանկեր: Նավի վրա ոչ ոք չի եղել, տուժածներ չկան: Մանհեթենի կենտրոնով իսկական գետ է հոսում, նշում են ականատեսները: Նյու Յորքի հնաբնակները հայտարարում են, որ նման բան իրենք դեռ չեն տեսել: Միաժամանակ, ամերիկյան հեռուստաալիքները խորհուրդներ են տալիս, թե ինչ պետք է անեն աղետի գոտում հայտնվածները: Մասնավորապես, խորհուրդ չի տրվում օգտագործել բջջային հեռախոսները Wi-Fi, GPS, Bluetooth ցանցերում, որպեսզի պահպանեն սարքերում եղած էներգիան: Բացի այդ, ամերիկացիներին խորհուրդ են տալիս, հնարավորության դեպքում, հանգստություն պահպանել:

Հաղորդվում է, որ Նյու Ջերսի նահանգում փոթորկի հետեւանքով, բեռնատար վագոնները դուրս են եկել ռելսերից, քամին դրանք շպրտել է դեպի վճարովի ավտոմայուղիներից մեկը: Այս նահանգում աղետից զոհվել է 3 մարդ, 2,4 մլն տներ մնացել են առանց էլեկտրականության:

ԱՄՆ-ում իրենց աշխատանքը դադարեցրել են երկու ատոմակայաններ. Դելավեր գետի վրա կառուցված «Սալեմ» ԱԷԿ-ի առաջին բլոկը եւ Նյու Յորքի նահանգում գտնվող «Ինդիան փոինթ» ԱԷԿ-ի ռեակտորը: ԱԷԿ-ների օպերատորները հայտնում են, որ բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի հետեւանքով 16 մարզ է զոհվել: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով սովորաբար հայտնի է իր հանդարտությամբ եւ էլեգանտությամբ, հեռուստացույցների էկրաններին հայտնվել է առանց պիջակի եւ փողկապի: Նրա խոսքը հնչել է այնպես, կարծես աշխարհի վերջն է: «34-րդ փողոցից հարավ լույս արդեն չկա»,-ասել է Նյու Յորքի քաղաքապետը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Բլումբերգն ընդգծել է, որ Նյու Յորքում փոթորիկը 10 մարդու կյանք է խլել: