Ինտերնետ-հսկա Google-ը տոնում է Հելոուինը: Որոնողական համակարգի գլխավոր էջում շարժվող  doodle է տեղադրված: Google-ի ամենօրյա լոգոն Հելոուինի ավանդական  աքսեսուարներով` ձեւավորված դդումներով,  կմախքով, սարդով եւ անգամ 13 թվով,  փոխարինվել է հոկտեմբերի 31-ին:

Դռներից ցանկացածի վրա սեղմելու դեպքում նրա հետեւից հրեշ է հայտնվում, որը նման է Google-ի տառերից  մեկին: Նրանց վրա սեղմելու դեպքում հրեշները  սկսում են շարժվել եւ սարսափելի ձայներ հանել:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Հելոուին տոնը գալիս է Իռլանդիայի եւ Շոտլանդիայի  հնագույն կելտերի ավանդույթներից, իսկ տոնվում է հոկտեմբերի 31-ին`բոլոր Սրբերի օրվա նախաշեմին: Սկզբնական շրջանում տոնը նշում էին միայն անգլալեզու երկրներում, սակայն 20-րդ դարի վերջում Հելոուինը տարածվել է նաեւ այլ երկրներում:

Նշենք, որ այս տարի ԱՄՆ-ում, որտեղ  տոնը մեծ ճանաչում ունի, այն խափանվել է սուրպերփոթորիկով, որը հսկայական ավերածությունների եւ զոհերի պատճառ է դարձել: Նյու Յորքի քաղաքապետարանը հայտնել է, որ  39 տարիների ընթացքում առաջին անգամ Նյու Յորքը հետաձգում է Հելոուինի շքերթը, որը նախատեսված էր հոկտեմբերի 31-ին: