«Սենդի» փոթորիկը աստիճանաբար շարժվում է Կանադայի սահմանի ուղղությամբ` իր հետեւից թողնելով ավերածություններ եւ զոհեր: Հատկապես տուժել են Նյու Ջերսի եւ Նյու Յորք նահանգները: Երկու օրում ԱՄՆ-ում հետաձգվել են ավելի քան 15 հազար ավիաչվերթներ:
Նյու Ջերսի նահանգի կառավարիչ Քրիս Քրիսթին հայտնել է, որ ընդհանուր առմամբ աղետից տուժել է 2,4 մլն ընտանիք: Քրիստիի խոսքով, փոթորկի վնասները. «համեմատելի չեն ոչ մի բանի հետ, ինչ ես երբեւէ տեսել եմ»:
Փոթորկի ալիքներից հետո լողափերին մնացել են մոտ երկու մետր բարձրությամբ աղբի բլուրներ, ասել է կառավարիչը:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի հաղորդագրության համաձայն, ամենաքիչը 8 մլն. տուն հոսանքազուկ է: Շրջանի այն բնակիչները թիվը, ովքեր ենթակա են անհապաղ տարահանման, կարող է հասնել մեկ մլն-ի:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի խոսքով, մետրոն կրկին կաշխատի միայն 4-5 օրից: Քաղաքապետարանի հաշվարկներով` քաղաքային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի արդեն հոկտեմբերի 31-ին: Հոկտեմբերի 31-ին նաեւ իրենց աշխատանքները կվերսկսեն Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը եւ Նյու Յորքի ֆոնդային բորսան:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», փոթորիկի կենտրոնի քամու ուժգնությունը հասել է 130 կմ/ժամի: Մերիլենդ նահանգի արեւմուտքում 70 սմ ձյուն է տեղացել, իսկ Արեւմտյան Վիրջինիայի լեռներում` մոտ մեկ մետր: Ձյուն է տեղացել անգամ Թեննեսի նահանգում, որը համեմատաբար հարավում է գտնվում: Նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Մերիլենդում, Մասսաչուսեթում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Փենսիլվանիայում, Ռոդ-Ալյենդում, Կոլումբիայի դաշնային շրջանում եւ մի շարք այլ նահանգներում արտակարգ իրավիճակ մտցնել:
ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 100 մլրդ-ի, իսկ ապահովագրական ընկերությունների վնասը` մինչեւ 10 մլրդ-ի: «Սենդիի» զոհերի ընդհանուր թիվը, Կարիբյան ավազանի երկրների զոհերի հետ միասին, կազմել է 110 մարդ:











