Վիետնամում արեւադարձային «Սոն Թինհ» փոթորկից նվազագույնը 10 մարդ զոհվել է, եւս չորսն անհետ կորած են համարվում: Մինչ «Սենդին» շրջում է ամերիկյան մայրցամաքում, արեւադարձային մեկ այլ փոթորիկ ավերում է Ասիայի երկրները:

Արեւադարձային փոթորիկը երկրում վրա է հասել հոկտեմբերի 29-ին` 133 կմ/ժ արագությամբ շարժվելով Ֆիլիպինների կողմից:

Իշխանությունները նաեւ նշում են, որ Վիետնամի կենտրոնական մասի բնակիչներին նախազգուշացվել էր սպասվող փոթորկի մասին, սակայն հետագայում փոթորկի ուղղությունը փոխվել է եւ այն վրա է հասել  երկրի հյուսիսարեւելյան նահանգներում, որտեղի բնակիչները պատրաստ չէին աղետին դիմակայելուն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես հաղորդում է Sky News-ը, երկրում վնասվել է 13 հազար տուն, փոթորիկը ոչնչացրել է բրնձի 19 հազար ցանքատարածքներ:

Ավելի վաղ «Սոն Թինհը» Ֆիլիպիններում 27 մարդու կյանք էր  խլել, ինչպես նաեւ  չինա-վիետնամական սահմանին տասնյակ նավեր խորտակել: