Առաջիկա նախագահական ընտրություններին շատ թեկնածուներ կառաջադրվեն, բայց դրանք կլինեն Հայաստանում ձեւավորված քաղաքական երկբեւեռանի համակարգի կցորդները՝ մի կողմից իշխանության, մյուս կողմից՝ ԲՀԿ-ի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով՝ եթե չձեւավորվի լիբերալ-դեմոկրատական ընդդիմություն, ապա կլինի ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն:
«Արամ Սարգսյանին ես համարում եմ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության ներկայացուցիչ, բայց նա դեռ չի հայտարարել մասնակցելու է ընտրություններին, թե ոչ: Երբ հայտարարի, կխոսենք այդ մասին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա կողմ է կլոր սեղաններ ստեղծելու բոլոր առաջարկներին, որին պետք է ներգրավված լինի քաղաքացիական հասարակությանը: «Այսօր քաղաքական դաշտը այնպես է մոնիպոլիզացվել, որ լուծումները տեսնում եմ քաղաքացիական հասարակությունում: Ակտիվությունը պետք է լինի հենց նրանցից, պետք է ընդունեն հենց ժամանակի մարտահրավերը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա, ի դեպ, նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու ծրագրեր չունի: Նախագահական ընտրությունների հետ կապված առայժմ որեւէ քննարկումներ այլ միավորների հետ չի ունեցել:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» «ապահարզանին»՝ նա նշեց, որ հենց սկզբից էլ վստահ էր, որ այդ դաշինքը երկարակեցության հիմքեր չունի թեկուզ այն պատճառով, որ դրանք տարբեր քաղաքական կողմնորոշումներ կային արտաքին քաղաքականության վերաբերյալ« հակասությունները ակնհայտ էին, հրապարակայնորեն էին արտահայտվել էին նույնիսկ պառակտումից առաջ»:











