ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցավ Բուզանդի փողոցի շենքի բնակիչներին եւ լսեց նրանց բողոքը: Բնակիչները փոխանցեցին, որ իրենք պայմանագիր ունեն, որ շենքը կառուցելուց հետո իրենց պետք է բնակարաններ հատկացնեին, սակայն շենքը կառուցվել է, բայց իրենց բնակարաններով չեն ապահովել:
Ի դեպ, երբ Բուզանդի փողոցի բնակիչներից մեկը ներկայացնում էր խնդիրը, նրա կինը կողքից անընդհատ միջամտում էր, եւ արժանացավ Սերժ Սարգսյանի դիտողությանը. «Մեր կանայք այդպես չեն անում` թողնում են մենք խոսում ենք, հետո նոր իրենք են խոսում»: Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ շենքի համար շատ ավելի մարդկանցից են գումար վերցրել, քան բնակարանների քանակն է:
«Այսինքն` այդ խնդրը այնպես պետք է լուծենք, որ ոչ մեկը չտուժի: Ես ձեզ խոստանում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվում են: Հանցագործություն է տեղի ունեցել, 1 բնակարանի համար 4 հոգուց փող են վերցրել: Հիմա ուզում եմ այնպես անել, որ ոչ մեկը չտուժի: Ես խնդրին ծանոթ եմ հո լուսնից չեմ իջել: Իմ խնդիրն է այնպես այդ խնդիրը լուծել, որ որեւէ մեկը չտուժի»,-ասաց երկրի նախագահը: Նա նաեւ ավելացրեց, որ աշխատելու է, որ խնդիրը հնարավորինս արագ լուծվի:











