Մոսկվայի շրջանի Շչյոլկովո  թաղամասում գազատարի պայթյուն է տեղի ունեցել: Բնակիչներին արթնացրել է  որոտը եւ դրան հաջորդած  բռնկումը: Միջադեպը  տեղի է ունեցել առավոտյան ժամը 05.00-ին:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ԱԻՆ-ի մարզային ԳՎ-ում,  հրդեհի բարձրությունը 3-4 մ է եղել: Այրվել են 12 շինություններ, հրդեհը չեզոքացվել է ժ. 7.03-ին: Շարունակվում են մարման աշխատանքները: 

Ըստ նախնական տվյալների` զոհեր եւ վիրավորներ չկան: Այժմ հրշեջները փորձում են  կանխել բռնկումները:

Դեպքի արդյունքում խափանվել է 3 բնակավայրերի` Բալաշիխայի, Մոնինոյի եւ Չյորնոյեի գազամատակարարումը:

Գիշերային պայթյունը վախեցրել է Շչյոլկովոյի բնակիչներին: Ինչպես ntv.ru-ին պատմել են ականատեսները,  ուժեղ պայթյունից հետո երկինքը հրավառվել է, եւ օդ են բարձրացել կրակի լեզուները: Ոմանց նույնիսկ թվացել է, թե քաղաքում ավիավթար է տեղի ունեցել: