«Սենդի» փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում կարող է գերազանցել 100-ը, կարծում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Նա նշել է, որ փրկարարներն ամեն օր փլատակների տակ հայտնաբերում են  նոր զոհեր: Նոյեմբերի 2-ին Սթեյթոն Այլենդ թաղամասում հայտնաբերվել է 2 փոքր տղաների դիակ, որոնց ալիքը խլել էր մայրերից:

Ներկայումս ԱՄՆ-ում հաստատվել է 98 մարդու մահվան փաստը` 41-ը Նյու Յորքում, 13-ը` Նյու Ջերսիում, 11-ը` Մերիլենդում, 7-ը` Փենսիլվանիայում:  2 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է «vesti.ru»-ն: Փոթորկի հասցրած ընդհանուր վնասը կարող է կազմել  50 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է rbc-ն, Նյու Յորքի իշխանությունները հասարակության ճնշման տակ հրաժարվել են Նյույորքյան ամենամյա մարաթոնից, որը պետք է սկսվեր նոյեմբերի 4-ին:

Ըստ Բլումբերգի` ահավոր ավերածությունների պայմաններում մրցումների ժամանակը չէ: Ավելի վաղ ավանդական մարաթոնի հետաձգման օգտին էին արտահայտվել քաղաքական շատ գործիչներ եւ մարզիկներ:

Ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության զեկույցի` մինչ այժմ ԱՄՆ-ի արեւելյան հատվածի 11 նահանգներում  առանց էլեկտրականության է շարունակում մնալ 3,5 միլիոն մարդ: