Մոսկվայի մետրոպոլիտենում զանգվածային կռվով է ավարտվել կիրակնօրյա «Ռուսական երթը»: Կռվին մասնակցել են 100 մարդ: Մասնակիցները եղել են ազգայնականները եւ հակաֆաշիստական կազմակերպությունների  ներկայացուցիչները:

Արյունահեղությունը կանխել են Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները, նաեւ` հատուկ ջոկատայինները, հայտնում է ՆՏՎ-ն:
Ավելի ուշ Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը հերքել է զանգվածային կռվի մասին տեղեկատվությունը:

Ինչպես հաղորդում է grani.ru-ի թղթակիցը,  տուժել են մի քանի մարդ: «Ձախ ճակատի» ակտիվիստ Վասիլի Կուզմինին նետել են երկաթգծերի վրա, նա հաջողացրել է դուրս գալ մինչեւ գնացքի ժամանումը:

 «Ինտերֆաքսին» կռվի մասին լուրը հաստատել է  «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը: 

Ինչպես հայտնում է rbc-ն, «Տրետյակովսկայա» մետրոյի կայարանի մոտ ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են  սեւ վերարկուներով եւ սվաստիկաներով 25 մարդու: Երթի ընթացքում ցուցարաները փորձել են խփել ոստիկանական ուղղաթիռը, սակայն անհաջող: 
Հնչել են հետեւյալ  կոչերը` «Փառք Պերունին», «Ազատություն գնդապետ Կվաչկովին», «Ազատություն Անդրես Բրեյվիկին», «Պուտինին հանձնել ժողովրդի դատին», «Վռնդել ներգաղթյալներին», «Չուբայսին նստեցնել էլեկտրական աթոռին», «Մի ծխիր, մի խմիր, շարժվիր», «Ծնիր երեխաներ»  եւ այլն: