Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող դեղագործական ընկերության իրավաբանի կողմից նոեյեմբերի 7-ին բացած կրակի զոհերի թիվն ավելացել է` հասնելով 6-ի: Հիվանդանոցում մահացել է տուժածներից մեկը: 30-ամյա Նիկիտա Ստրելնիկովին այդպես էլ չի հաջողվել փրկել:
Նա մահացել է երկարատեւ վիրահատությունից հետո` այդպես էլ գիտակցության չգալով: Life News-ի տվյալներով, վիրահատարան նա տեղափոխվել է ծանր վերքերով:
Հիշեցնենք, որ 30-ամյա իրավաբան Դմիտրի Վինոգրադովը նոյեմբերի 7-ի առավոտյան երկու ատրճանակներից գնդակահարել է 5 գործընկերներին եւ եւս երկու մարդու: Հետաքննչական փորձաքնության շրջանակներում նոյեմբերի 7-ի երեկոյան հանցագործության վայրում վերականգնվել է տեղի ունեցածի պատկերը:
Առավոտյան կասկածյալը մտել է ընկերության գրասենյակ սպորտային մեծ պայուսակով, որի մեջ եղել է զենքի երկու տեսակ:
Տղամարդը միանգամից մտել է զուգարան, որտեղ փոխել է հագուստը: Մտնելով այն սենյակ, որտեղ նրա գործընկերներն էին գտնվում` Վինոգրադովը կրակել է իր զոհերի գլուխների ուղղությամբ: Երկուսին հաջողվել է դուրս փախչել սենյակից: Եւս մեկ զոհի նա գնդակահարել է եր 4-րդ հարկ բարձրանալու ժամանակ:
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, Վինոգրադովի ձերբակալման պահին նրա մոտից առգրավվել է 230 փամփուշտ: Իր զոհերի վրա Վինոգրադովը կրակել է 10 անգամ: Հրաձգին բռնել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Վինոգրադովը չի դիմադրել: Նա ասել է, որ սպանել է իր գործընկերներին, քանի որ նախօրեին նրանք համոզել են իր ընկերուհուն բաժանվել իրենից: Վինոգրադովի խոսքով, նախապես նա ծրագրել էր հանցագործությունից հետո ինքնասպան լինել: Սկզբում հաղորդվում էր այն մասին, որ աղջիկը վիրավորներից մեկն է, սակայն հետո հայտնի է դարձել, որ նա հրաձգությունից չի տուժել եւ որպես վկա հարցաքննության կենթարկվի:
Սպանության օրը՝ առավոտյան Վինոգրադովը սոցիալական կայքում հրովարտակ է տեղադրել, որտեղ հայտնել է մարդկության հանդեպ իր ատելության մասին:











