Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձով որեւէ կերպ պայմանավորված չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի գործունեությունը Ռոբերտ Քոչարյանի անձով պայմանավորելը հիմնարար սխալ է, դատարկ զբաղմունք է, քանի որ Դաշնակցությունը միշտ առաջնորդվել եւ առաջնորդվում է իր մոտեցումներով եւ սկզբունքներով, եւ որեւէ դերակատարություն տեսնելը անհիմն է:
«Քոչարյանը եղել է երկրի նախագահ, շատ հարցերում մենք նման ենք մտածել, շատ հարցերում՝ տարբեր ենք մտածել, այդ թվում՝ խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կնախաձեռնեն նաեւ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպում:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե Քոչարյանը համաձայներ, ապա իրենք վաղուց կունենային խորհրդարանական համակարգ, հարյուր տոկոոանոց համամասնական ընտրակարգ: Թե ինչի կհանգեցնի այս քաղաքական քննարկումները, ապա դա կերեւա քննարկումներից արդյունքում, իսկ եթե դրանց ոչ ոք չմիանա, ապա մոտեցումները կպահեն: Նրանք պատրաստ ենք բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ քննարկումներ սկսել՝ որպես օրակարգ առաջարկելով իրենց կողմից բարձրացված հարցերը, եւ այստեղ անձերը կարեւոր չեն:
Բանախոսները տեղեկացրին, որ ՀՅԴ-ում նախագահական ըհտրություններին թեկնածուների պակաս չկա, բայց թեկնածուին կորոշի Գերագույն ժողովը: ՀՅԴ անդամները զերծ մնացին որեւէ թեկնածուի անուն ասել թե իրենց, թե այլ կուսակցություններից, որոնք ի վիճակի կլինեն լուծել իրենց կողմից առաջադրված խնդիրները:
Նշենք, որ նախօրեին քաղաքական քննարկումներ սկսելու մասին հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ն եւս առաջարկում էր քննարկումներ սկսել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ: Այսօր քաղաքական քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ-ի, որի կողմից առաջարկվող օրակարգում ընդգրկված են նաեւ այդ հարցերը:
Ընտրություններից հարյուր օր առաջ ՀՅԴ-ն հանդես եկավ նման նախաձեռնությամբ եւ մինչեւ դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովը պետք է ընթանան քննարկումներ քաղաքական ուժերի միջեւ, իսկ արդեն Գերագույն ժողովին կներկայացնեն քննարկումների արդյունքները, կամփոփեն դրանք եւ հանդես կգան հայտարարությամբ՝ կապված նախագահական ընտրությունների հետ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am











