Դեկտեմբերի 15-ին ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում լինելու է միայն 2013թ-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մոտ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, որպես համագումարի պատվիրակ կընտրվի: Պատվիրակների մեծ մասն արդեն ընտրված են: Քննարկվեցին նաեւ ներկուսակցական հարցեր»,- ավելացրեց Շարմազանովը:

Արձագանքելով խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտված է: Նա  եւս մեկ անգամ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ եւ այդ լսումներում ՀՀԿ-ն շատ հստակ իր տեսակետը հայտնել է: «ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միշտ եղել է ոչ թե ձեւական, կոսմետիկ փոփոխությունների, այլ բովանդակային բարեփոխումների կողմնակից, ուստի ձեւը մեզ այնքան չի հետաքրքրում: Մենք նման կոնսուլտացիաներին ոչ արձագանքել ենք, ոչ արձագանքում ենք: Մենք օրակարգ ձեւավորող քաղաքական ուժ ենք եւ ինքներս ենք որոշում ինչպեսի օրակարգ ունենալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով ՀՅԴ-ի հայտարարությանը, նա ասաց, որ ՀՅԴ տեսակետն իրենց համար նորություն չէ, քանի որ տարիներ շարունակ խոսել են խորհրդարանական համակարգի անցնելու մասին: «Ես իմ անձնական դիտարկումն ունեմ շատ խորը հարգանք ունենալով Դաշնակցության թե անցյալի, թե ներկայի նկատմամբ: Ըստ իս ՀՅԴ-ն այսօր կանգել է շատ լուրջ խնդրի առաջ եւ գիտակցում է, որ իր միջից մրցունակ նախագահի թեկնածու չունի, հետեւաբար կարծում եմ,  դա է պատճառը, որ դաշնակցական իմ գործընկերներից մեկն այսօր հայտարարում է , որ այն քաղաքական ուժը, ով հայտարարի, որ պառլամենտական կառավարման կողմնակից է, իրենք հնարավոր է սատարեն այդ մարդուն: Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի ոչ լավ կյանքից է, որովհետեւ ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում ունի ընդամենը 5 պատգամավոր»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ՀԱԿ-ն, ըստ Շարմազանովի, կարճատեւ պրոյեկտ է եւ ներկա պահին ՀԱԿ-ում 7 հոգով 8 երգ են երգում: Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջիկայում մի շարք դիմակազերծումների ականատես կլինենք: Հարցին, թե ի՞նչ նկատի ունի դիմակազերծումներ ասելով, նա արձագանքեց. «Դիմակազերծում ասելով նկատի ունեմ բոլոր այն քաղաքական  ուժերին եւ գործիչներին, ովքեր ստիպված են լինելու հանելու իրենց դիմակները եւ հասարակությունը կտեսնի նրանց իրական դեմքը»:

Ի դեպ, նիստին ներկա չէր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե ինչու է նա բացակայում, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Հարգելի պատճառներով»: