ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, այսօր` նոյեմբերի 8-ին, մի խումբ արմավիրցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Արմավիրի վերջին քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանի, ով շաբաթներ առաջ կալանավորվել է խուլիգանության համար: Ցուցարարները նշեցին, որ ցանկանում են խնդիրն անձամբ ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հավատա, որ Սեւակ Մինասյանն անմեղ է: «Անիմաստ վեճ են սադրել: Ինքն Արմավիրի ծերերին պահում է, բայց սարքեցին, թե բենզալցակայանին 20 հազար դրամ պարտք է մնացել եւ, որ կրակել է բենզալցակայանի տիրոջը վրա: Սակայն փորձաքննության արդյունքները բացասական են: Տեսախցիկները եւս նկարել են, որ նման բան չի եղել»,- ներկայացրեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Արմավիրցիները նշեցին, որ շինծու մեղադրանքով Սեւակ Մինասյանից փորձում են վրեժխնդիր լինել քաղաքապետի ընտրություններում իր տարած պայքարի համար: «Այդ վիրավորանքը չեն մոռացել եւ կուլ չեն տալիս, որ առանց կաշառքների, երիտասարդները գնացին նրա հետեւից»,- դժգոհեցին արմավիրցիները:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին եւ լսելով նրանց խնդիրն ասաց. «Սեւակ Մինասյանը ձերբակալվել է օրինական, իսկ եթե խնդրանք ունեք, ձեր խնդրանքը կլսեմ: Եթե ուզում եք, ես կարող եմ նաեւ նախորդ դեպքերն օրինակ բերել: Մեր երկիրն այնքան փոքր է, որ ես բոլոր իրադարձություններին տեղյակ եմ»: Ի պատասխան ցուցարարները նշեցին, որ իրենք նախագահին հավատում են, իր հետ են եւ Աստծուց նրա համար երկար տարիների կյանք խնդրեցին:











