Վրացական լրատվամիջոցները հրապարակել են կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 9-ի, նիստում Թբիլիսիի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի ձայնագրությունը, որտեղ քաղաքապետ Գիգի Ուգուլավային թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին:

Հիշեցնենք, որ Ուգուլավան միջադեպից հետո լրագրողներին հայտնել է, որ ինքը մտադիր էր քննարկել քաղաքային կառավարության սոցիալական նախագծերի ֆինանսավորման խնդիրը, սակայն իրեն ասել են, որ այդ հարցը ներառված չէ կառավարության նիստի օրակարգում եւ խնդրել են հեռանալ:

«Վարչապետը չցանկացավ քննարկել այդ հարցը եւ դրա փոխարեն մենք բարոյախրատական հայտարարություն ստացանք»,-հայտարարել է Ուգուլավան, հավելելով, որ այդպիսի բան տեղի չի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր Էդուարդ Շեւարդնաձեն:

Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել միջադեպի հետ կապված եւ պահանջել հրապարակել կառավարության նիստի ձայնագրությունը: Հայտարարության մեջ, ըստ «Գռուզիա Online»-ի, ասվում է, որ «նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Վրաստանի կառավարության նիստը, որտեղ կառավարության անդամների հետ միասին ներկա է եղել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Նիստն սկսելուն պես երկրի վարչապետի եւ Թբիլիսիի քաղաքապետի միջեւ վիճաբանություն է սկսվել սոցիալական արտոնությունների վերականգնման հարցի շուրջ: Թբիլիսիի քաղաքապետի հետ զրույցում վարչապետն ասել է, որ կառավարության նիստում չեն քննարկվելու սոցիալական հարցեր, որից հետո քաղաքապետը լքել է նիստերի դահլիճը»: