Ըստ վերջին տվյալների` Գվատեմալայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 52 մարդ: Ճշտված թվերը հայտնում է Agence France-Presse գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհերի մասին:
Եւս 200 մարդ վիրավորվել է: 22 մարդ անհետ կորած են, գրում է «lenta.ru»-ն:
Հիշեցնենք, որ Գվատեմալայում նոյեմբերի 7-ին 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Ամենից շատ տուժել էր Մեքսիկային սահմանակից Սան Մարկոս քաղաքը: Սան Մարկոսում ավերվել էին մի քանի տասնյակ շինություններ, որոնց փլատակների տակ մարդիկ էին մնացել:
Նոյեմբերի 9-ից երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնում է «pravda.ru»-ն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային խնդրել է դադարեցնել գվատեմալացի ապօրինի ներգաղթյալների արտաքսումը` երկրաշարժի ծանր հետեւանքների պատճառով:
Գվատեմալացի առաջնորդն ամերիկյան իշխանություններին խնդրում է ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալներին ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակ տրամադրել: Ըստ Գվատեմալայի ԱԳՆ-ի` ԱՄՆ-ում ապրում է 1,3 միլիոն գվատեմալացի, որոնցից 60%-ը` անօրինական հիմունքներով:











