Երեւանում նոյեմբերի 10-ին բացվել է աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը նվիրված Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի հիմնադրման 100-ամյա հոբելյարին (ֆոտոռեպորտաժ)։
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հովանո ներքո կազմակերպված ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել «Ակադեմիա» պատկերասրահում։ Արա Գյուլերը որոշ խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել Երեւանում իր աշխատանքների ցուցադրությանը։ Ցուցադրության են ներկայացված Արա Գյուլերի՝ Հայաստանում արված լուսանկարները։
Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրության բացումը տեղի է ունեցել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի եւ մի շարք արվեստագետների եւ հասարակական գործիչների մասնակցությամբ։
Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:











