Կենտրոնական Իտալիայի Գրոսետո քաղաքում հեղեղները կամրջի փլուզման են հանգեցրել: Արդյունքում զոհվել են կամրջի ավերակների տակ մնացած մեքենայի 3 ուղեւորները:
Երկրին վրա հասած ցիկլոնի արդյունքում առաջացած տեղատարափ անձրեւները Վենետիկից բացի այլ վայրերում եւս ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել: Տարերքի քմահաճույքի տակ է իտալական նահանգների կեսը, ներառյալ՝ Լացիոն, Լիգուրիան, Ումբրիան եւ Տոսկանան: Ռիսկային գոտում է նաեւ Հռոմը: Շատ քաղաքներ հոսանքազրկված են, չի գործում հասարակական տրանսպորտը, գրում է gazeta.ru-ն:
Այժմ Վենետիկում կարելի է տեղաշարժվել միայն մինչեւ գոտկատեղ հասնող ճահճային երկայնաճիտ կոշիկներով, սակայն դա զբոսաշրջիկներին չի խանգարում, գրում է vesti.ru-ն:
Իտալիայի Զբոսաշրջության ազգային վարչությունից հայտնել են, որ ջրհեղեղը կարող է շարունակվել եւս 2 շաբաթ, գրում է КМ.ru-ն: Ըստ վարչության ներկայացուցչի՝ որոշ զբոսաշրջիկներ ընդհանրապես, լողալով են տեղից տեղ մեկնում:











