Մինչեւ նոյեմբերի վերջ պարզ կլինի, թե «Բարգավաճ Հյաաստան» կուսակցությունը ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ իրենք հանդիպելու են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ եւ դրանով կարծես ավարտվելու է քաղաքական կոնսուլտացիաների առաջին փուլը: ԲՀԿ-ն դեռեւս Հանրապետական կուսակցությունից արձագանք չի ստացել, բայց եթե ստանան, պատրաստ են նաեւ նրանց հետ հանդիպել: «Քաղաքական կոնսուլտացիաները համակարգային փոփոխություններ իրականացնելու  գաղափարի շուրջ են, որի ճանապարհներից մեկը  խորհրդարանական կառավարման համակարգի անցնելն է, ընդգրկված է նաեւ մեծամասնակյան ընտրակագից հրաժարվելը, գաղափարը մեկն է՝ եթե մենք կարողանանք քաղաքական կոնսուլտացիա ապահովել համակարգային փոփոխությունների գաղափարի շուրջ, կարծում եմ, որ դա շատ օգտակար կլինի երկրի համար եւ լավ օրակարգային հենք կլինի նախագահական ընտրությունների ընթացքում»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ այս պահին նախագահական ընտրություններին թեկնածուների հարց չի քննարկվում, «իրենց գործընկերները եւս նույն մոտեցումը ունեն, որ չխոսեն թեկնածուների մասին»: «Տեսնենք, եթե օրակարգի շուրջ համաձայնություն կա, որից հետո ավելի հեշտ կլինի անցնել այդ քննարկումներին»,- ասաց պատգամավորը:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ առաջին փուլի ավարտից հետո յուրաքանչյուրը քաղխորհուրդներում համապատասխան քննակումներ կունենա, իսկ քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ փուլում կփորձեն կոնկրետացնել եւ հարցերի շուրջ պայմանավորվածության գալ. «Այնպես, որ եթե մենք կարողանանք մինչե ամսվա վերջ ամենաուշը տեսնել՝ սա ստացվում է, թե ոչ, կարծում եմ բոլորի համար հստակ կլինի՝  ինչ ճանապարհով ենք գնում»,- ասցա Վարդան Օսկանյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարարը չմեկնաբանեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել իր թեկնածությունը չառաջադրվելու փոխարեն իրեն չդատեն:

Նշենք, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, ՀԱԿ,  «Ժառանգության», ՕԵԿ ններկայացուցիչների հետ: ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել հանդիպումներին: