Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության քննչական գլխավոր վարչության եւ ստորաբաժանումների ծառայողների հետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն ընդգծելով իրավապահ համակարգում քննիչների աշխատանքի կարեւորությունը՝ նշել է այն որակները, որ անպայման պետք է ունենա քննիչը եւ որպես մասնագետ, եւ որպես մարդ, որպեսզի արդար լուծում տա ցանկացած հարցի եւ արդարացի որոշումներ կայացնի:
Ոստիկանության պետը կրկին շեշտել է մասնագիտական պարապմունքների անհրաժեշտությունը, որոնք պետք է անցկացվեն ոչ ձեւականորեն, այլ լիարժեք ու վաղօրոք նախապատրաստվելով: Պարապմունքների շրջանակում պետք է ընդգրկվեն եւ մասնագիտական խնդիրներ, եւ էթիկայի հարցեր, պետք է աշխատանք տարվի հատկապես երիտասարդ կադրերի հետ, որոնց անհրաժեշտ է ավագների աշխատանքի դրական փորձը:
Վլադիմիր Գասպարյանը վերստին կրկնել է իր պահանջը՝ աշխատել փաստաթղթավորելով բոլոր գործընթացները, լիարժեք իրացնել քննիչի իրավունքներն ու պարտականությունները:
Նա անդրադարձել է նաեւ քննչական ապարատի եւ ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցության անհրաժեշտությանը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ողջ ծավալով իրականացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման խնդիրները, որոնք ոստիկանության ողջ համակարգի ընդհանուր գործն են, եւ ոչ ոք իրավունք չունի ու չի կարող իրեն դուրս դնել այդ ընդհանրականությունից:











