Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մոդովացի ուսուցիչը աշխարհագրության պարապմունքի ժամանակ Ռուսաստանը ներկայացնում է որպես «կողտոտ սապոգներով համաշխարհային օկուպանտ»:

«Որտե՞ղ են ձեզ սիրում, որտե՞ղ: Մոլդովայում միայն աղքատ մոլդովացիներն են դիմանում ձեզ»,-հայտարարել է ուսուցիչը, հիանալով վրացիներով, լատվիացիներով եւ էստոնացիներով, որոնք «վռնդում են բոլոր ռուսներին»:

Ձայնագրությունն արվել է Մոլդովայի հյուսիսում գտնվող, հիմնականում ռուսներով բնակեցված եւ մեծությամբ երկրորդը համարվող Բելցի քաղաքի ուսումնարաններից մեկի դասի ժամանակ: Հավանական է, որ աշակերտներից մեկը Բելցին ռուսական քաղաք է համարել, ինչն էլ բարկացրել է ուսուցչին:

«Ես եւս մեկ անգամ կրկնում եմ. Ռուսաստանը համաշխարհային օկուպանտ է: Երբ ռուսական «սապոգը» ոտք է դրել որեւէ մեկի հողում, նա մոռացել է այդտեղից դուրս գալ»,-բարկացած ասում է ուսուցիչ Վիկտոր Կրավչենկոն, հաղորդում է NEWSru.com-ը:

«Դուք գրում եք, որ Բելցին ռուսական քաղաք է: Բելցին ուժեղ քաղաք է, որը գրավել են ռուսները եւ մոռացել դուրս գալ այստեղից: Ահա, թե ովքեր եք դուք: Տարածել եք ձեր կեղտոտ վարտիքներն այստեղ»,-ընդգծել է ուսուցիչն ու հավելել. «Ողջ աշխարհը հայհոյում է ռուսերեն, ահա, թե ինչ եք դուք ներդրել համաշխարհային մշակույթում: Հայհոյանք եւ վերջ: Ահա, թե ինչով եք հայտնի: Ո՞ր հայրենիքն է ձերը, ռուսակա՞ն, դե ուրեմն գնացեք ձեր մայրական վայրերը»:

Երբ այս տեսանյութը հայտնվել է համացանցում, ուսուցիչն աշխատանքից հեռանալու դիմում է գրել: