«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը այսօրվա դրությամբ միասնական թեկնածուի առաջադրմանն ուղղված պրոցեսներ չի տեսնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Մենք մեր խոսքը ասել ենք, հավատարիմ ենք մեր խոսքին՝ Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ հայտարարությանը»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
ՕԵԿ կուսակցության փոխնախագահը, անդրադառնալով իրենց՝ ՀՀԿ-ի ստվերը լինելու մասին խոսակցություններին, կտրականապես հերքեց այդ ամենը եւ որպես օրինակ բերեց քաղաքական կոնսուլտացիները, որոնց իրենք մասնակցեցին, իսկ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն՝ ոչ:
Խոսելով ՕԵԿ անդամ դառնալու համար փորձաշրջան անցնելու մասին՝ նա նշեց, որ դա նորմալ երեւույթ է. այդ երկու ամսվա ընթացքում մարդը տեսնում է՝ պատրաստ է զբաղվել կուսակցական աշխատանքով, թե ոչ, իրեն գտնում է կուսակցությունում, պարզ է լինում՝ մարդը եկել է կուսակցություն՝ աշխատելու, թե այլ նպատակով։ Նա հրաժարվեց հրապարակել ՕԵԿ անդամների թիվը:











