Պորտուգալիայի հարավում գտնվող Ալգարվի նահանգը հայտնվել է տորնադոյի ճիրաններում, որը բացառիկ երեւույթ է այդ շրջանի համար: Առնվազն 13 մարդ տուժել է, երկրի հարավային Լագոա, Սիլվեշ եւ մի քանի այլ քաղաքներ վնասներ են կրել:
Տորնադոն իր ճանապարհին կոտրել է շենքերի ապակիները, պոկել տանիքները, տապալել ծառեր, շրջել մեքենաներ, հաղորդում է «Եվրանյուզը»:
Ոստիկանության տվյալներով, Լագոայում հարյուրավոր մարդիկ մնացել են անտուն: Փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս բերել մեքենաներից, որոնք քամին լուցկու տուփերի պես շրջում էր:
Ալգարվին Պորտուգալիայի մայրցամաքային ամենահարավային շրջանն է եւ համարվում է երկրի ամենագլխավոր տուրիստական հանգստավայրերից մեկը:











