«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն այսօր՝  նոյեմբերի 17-ին,  Երեւանում «Ազատության քայլերթ» խորագրով երթ անցկացրեց, որը մեկնարկեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից (ֆոտոռեպորտաժ):

Մեկնարկի համար ընտրված վայրն, ըստ կազմակերպիչների, խորհրդանշական է, քանի որ 2011թ.-ի օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստներին հենց այստեղ էին ոստիկանները ծեծի ենթարկել:

Քայլերթի մասնակիցներն անցան Տերյան-Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Տերյան փողոցներով:

Կազմակերպիչների խոսքով, իրենք միավորվել են Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից բխող` Հայաստանն առանց քաղբանտարկյալների գաղափարի շուրջ:

Նախաձեռնողները խստորեն դատապարտում են «իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն արտահայտելու եւ մարդու այլ հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները»։

Երթի մասնակիցների ձեռքին կային ցուցապաստառներ՝ «Պատժել դատավորներին», «Ոչ քաղբանտարկյալներին», «Պայքար հանուն ազատության»  բովանդակությամբ: