Շվեդական հնագույն Folksam ապահովագրական ընկերությունը միջազգային ճանաչում է ստացել պարաշյուտիստ կատուների շնորհիվ. ընկերության գովազդային հոլովակում ընտանի մի քանի կենդանիներ են երկնքից իջնում՝ օդում  տարատեսակ հնարքներ կատարելով:  Տեսանյութը YouTube-ում կես միլիոն դիտում է ունեցել:

40-վայրկյանանոց տեսահոլովակում շուրջ տասը կատու երկնքից երկիր են իջնում I Believe I Can Fly երգի հնչյունների ներքո: Օդում կատուները տարբեր հնարքներ են ցուցադրում եւ սքայդայվերների նման իրար են պարզում փափուկ թաթերը:

Gawker-ը նշում է, որ ընկերության հոլովակի համար այդ գաղափարն առաջարկել է նրա հաճախորդուհիներից եւ միաժամանակ սեփականատերերից մեկը (Folksam-ն ընկերություն է, որի բաժնետերերն են իր ապահովագրած անձինք): Այդ պատճառով էլ, երբ կատուները օդում ֆիգուրներ են նկարում, նրանք ոչ թե ընկերության անունն են կազմում, այլ հաճախորդուհու` Eva, որի մասին էլ նկարահանվել է հոլովակը, հայտնում է NEWSru.com-ը:

The Daily Mail-ը նշում է, որ չնայած ընկերության  նախազգուշական հայտարարությանը, որ կատուները նկարահանման ընթացքում չեն տուժել, կենդանիների պաշտպանները սկսել են բողոքել: Այդ ժամանակ ստիպված են եղել  բացահայտել հոլովակի ստեղծման տեխնոլոգիան, պատմելով, որ  դրա համար օգտագործվել է «կանաչ էկրան», եւ իրականում կատուները ոչ մի տեղ էլ չեն թռչել: