ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա հանդիսավոր արարողության ժամանակ, ավանդույթի համաձայն, երկու հնդկահավի ներում է շնորհել:
Գոհաբանության օրն այս տարի նոյեմբերի 22-ին է նշվում։ Ավանդույթի համաձայն՝ հնդկահավերի համար անուններն ընտրել էին այդ թռչունների հայրենի Վիրջինիա նահանգի դպրոցի տարրական դասարանների աշակերտները:
Cobbler (ԱՄՆ-ում այդպես են անվանում մրգային թխվածքները) եւ Gobbler («Շատակեր») թռչուններից պետք է ընտրեին «Ազգային հնդկահավ 2012-ին» եւ նրա «տեղակալին»: Ընտրելու հնարավորությունն այս տարի ընձեռվել էր բոլոր ամերիկացիներին: Նրանք կարող էին քվեարկել Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում:
«Լարված ընտրապայքարում հաղթել է Կոբլերը, - ասել է Օբաման եւ հավելել,- թռչունները լիության մեջ կապրեն եւ իրենց ծերությունը կանցկացնեն Ջորջ Վաշինգտոնի կալվածքում։ Մյուս երկու նվազ հաջողակ հնդկահավերին Մալիան եւ Սաշան (նախագահի դուստրերը) կբաժանեն աղքատներին»։
Գոհաբանության օրը հնդկահավի մեծարման ավանդույթը ձեւավորվել է 1947 թ., երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան եւ Թռչուններ ներկրողների ազգային խորհուրդն առաջին անգամ հնդկահավ էին նվիրել ԱՄՆ-ի նախագահ Հարի Տրումենին: Մինչեւ 1989թ. նախագահական հնդկահավերը միանգամից ուղարկվում էին նախագահական սեղան: 1963թ. ավանդույթը խախտել էր նախագահ Ջոն Քենեդին` ներում շնորհելով հնդկահավին:
Հնդկահավին ներում շնորհելու պաշտոնական առաջին արարողությունը 1989թ. անցկացրել է Ջորջ Բուշ ավագը: Ադ օրվանից ամեն տարի հնդկահավը եւ նրա «տեղակալը» ազատվում են եփվելու հեռանկարից եւ ուղարկվում են որեւէ մանկական այգի:











