Օդեսայում ճշտում են հայտնի ռեժիսոր եւ հաղորդավար, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ջենտլմենների» թիմի նախկին անդամ Յան Գելմանի մահվան հանգամանքները: Գելմանին նոյեմբերի 16-ին գտել էին փողոցում՝ անգիտակից վիճակում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ երկու օր անց մահացել էր: Ընկերները պնդում են, որ սպանություն է կատարվել, սակայն Ուկրաինայի ոստիկանությունում սպանության վարկածը բացառում են:

Գելմանին հիվանդանոց էին տեղափոխել հարբած վիճակում՝ գանգուղեղային վնասվածքով եւ ցրտահարված: Փորձագետները նշում են, որ ռեժիսորը վնասվածքներն ստացել է ընկնելու հետեւանքով:

60-ամյա հումորիստը կորել էր իր նոր «Խաջիբեյ» ներկայացման պրեմիերայի օրը: Նրա ընկեր Յուրի Ստոյանովը vesti.ru-ին պատմել է, որ նա դուրս է եկել պիեսի պրեմիերային գնալու, բայց տեղ չի հասել:

Յան Գելմանը ՈՒՀԱ-ի լեգենդար, ԽՍՀՄ-ում  այդ խաղի եռակի չեմպիոն «Օդեսացի ջենտլմեններ» թիմի անդամ էր, բազմաթիվ հեռուստահաղորդումների հեղինակ:

Նշենք, դեռ չի լրացել անեկդոտների հեղինակ, Օդեսայի պետական համալսարանի ՈՒՀԱ-ի թիմի լավագույն  մասնակից Իգոր Մինյալոյի մահվան մեկ շաբաթը: Բացի այդ, Մոսկվայում սեպտեմբերի 21-ին հանելուկային հանգամանքներում  մահացել էր Գրիգորի Մալիգինը՝  «Լեյտենանտ Շմիդտի զավակները» թիմի ավագը: Նա 42 տարեկան էր: Մալիգինի մարմինը կինը գտել էր իրենց բնակարանում: