Կանադայում կալանավորել են տղամարդուն, ով երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի:

Քինգսթոն քաղաքում, Սանտա Կլաուսների ամենամյա շքերթի ժամանակ, որով բացվում է ձմեռային տոների սեզոնը, 24-ամյա երիտասարդն սկսել է գոռալով երեխաներին ասել, որ Սանտա Կլաուս գոյություն չունի: Հարբած կանադացին բացականչել է, որ Սանտա Կլաուսին հորինել են մեծերը, որպեսզի ավելի հեշտությամբ վերահսկեն իրենց երեխաներին: 24-ամյա երիտասարդը շատ սարսափելի տեսք է ունեցել. նրա գելով անշարժացրած մազերը սատանայի պոզեր են հիշեցրել: Ոստիկանությունը նրան արդեն կոչել է «Ծննդյան տոների Գրանչ առեւանգող» (Դոկտոր Սյուզի գրքի պերսոնաժ):

Երիտասարդին տեղափոխել են ոստիկանություն: Ոստիկանության աշխատակից Սթիվ Քուփմանի խոսքով, դա շատ ստոր արարք է, Ծննդյան տոներից մեկ ամիս առաջ երեխաներին ասել, որ իրենց սիրելի Սանտա Կլաուսը երբեք գոյություն չի ունեցել, ուստի իրավապահ մարմինները չէին կարող չարձագանքել, գրում է The Star-ը:

Իրավախախտը, ում անունը չի հաղորդվում, գիշերն անցկացրել է ոստիկանության բաժանմունքում, առավոտյան դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց, պայմանով, որ նա ձեռնպահ կմնա ալկոհոլ օգտագործելուց:

«Մենք կալանավորել ենք հարբած Գրինչին՝ Սանտա Կլաուսի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Ինչպես կարող էր նա այդպես ստորաբար ստել: Նրա սիրտը, ամենայն հավանականությամբ, ոլոռի չափ է»,-իրենց Twitter-ում գրել են Քինգսթոնի ոստիկանները, հաղորդում է Vesti.ru-ն: